«Փախստականներն ու միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը նամակ է ուղղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում մեղադրում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին կոռուպցիայի մեջ:
Կազմակերպության տարածած նամակում խոսվում է կոնկրետ դեպքի մասին, այն է` Քասախ գյուղում բնակվող ադրբեջանցի փախստականների համար բնակարանների կառուցումը: Փախստականները շարունակում են ապրել նախկին բանտախցերում: Ճապոնիայի կառավարությունը այդ հարցի լուծման նպատակով 760 հազար դոլար է տրամադրել, որով նախատեսվում էր Քասախում երկու բնակարանային համալիր կառուցել: 2010 թվականի հունիսի 25-ին կայացել է առաջին համալիրի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ որոշ ժամանակ անց պարզվել է, որ հատկացված գումարը ամբողջությամբ ծախսվել է և երկրորդ համալիրը չի կառուցվելու, ինչը խուճապ է առաջացրել Քասախի փախստականների շրջանում, որոնք դեռևս սպասում էին իրենց բնակարաններին: Մի քանի ամիսների ընթացքում նորակառույց շենքը սկսել է ճաքեր տալ, և հայտարարվել է, որ այն քանդման է ենթակա: Այնուհետև որոշվել է շինության վերակառուցում իրականացնել, ամրացնել հիմքը:
Նամակում ասվում է նաև, որ Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրած գումարները տնօրինել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և որ իրենց տեղեկություններով ծրագրի իրականացման համար պատասխանատու են վերոնշյալ գրասենյակի աշխատակից Ռոզա Մինասյանը, տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը և Քասախի վարչակազմի ղեկավար Ա. Մկրտչյանը: Այս եռյակը պետք է վերահսկեր շինարարության ընթացքն ու որակը:
Ներկայում ավարտին է մոտենում երկրորդ համալիրի կառուցումը (ֆինանսական աղբյուրները հայտնի չեն) և որոշում է կայացվել հանձնել այն միաժամանակ վերակառուցված առաջին համալիրի հետ միասին:
«Ոչ մեկին հայտնի չեն այն չափանիշները, որոնցով իրականցվելու են բնակարանների հանձնման գործընթացը, սակայն գործի ընթացքում արդեն իսկ կամայականություններ են թույլ տրվել: Մենք հակված ենք մտածելու, որ վերոնշյալ դեպքը կոռուպցիոն ենթատեքստ ունի, և ակնկալում ենք, որ դուք կպարզեք գործի բոլոր հանգամանքները, և համապատասխան հիմքերի դեպքում կառաջարկեք դատախազությանը անհրաժեշտ միջոցառումներ կիրառել մեղավորների բացահայտման գործում», – նշվում է նամակում: