Մեծամորի ատոմակայանի մի խումբ աշխատակիցներ բաց նամակ են հրապարակել, որն ուղարկվել է ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ վարչապետին, ՀՀ էներգետիկային նախարարություն, ՀՀ Ատոմակայանի տնօրինությանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ Ֆինանսների նախարարություն, ՀՀ Վերահսկիչ պալատ, «Ռուս Ատոմ»-ի տնօրեն պարոն Կիրիենկոյին, ԱԷՄԳ-ի Եվրոպական գրասենյակներ: Նամակում նշվում է, որ աշխատակիցները ցանկանում են տեղեկացնել ԱԷԿ-ում տիրող «անառողջ, ճղճիմ և անարադար մթնոլորտի մասին»:
«Ատոմակայանի գլխավոր ինժեներ Մովսես Վարդանյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, կամայականորեն, առանց հաշվի առնելու աշխատակիցների մասնագիտական ունակությունները և հաշվի չառնելով ատոմակայանի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, աշխատանքի է ընդունում և պաշտոն տալիս ըստ իր կամայականության: Խախտելով օրենքը` աշխատանքի է ընդունել իր նորաթուխ, բակալավրի կրթություն ունեցող փեսա Հայկ Գալստյանին, որն ամեն անկյունում պատմում է բոլորին, որ իր «հզոր» աները շուտով իրեն նշանակելու է մի պաշտոնում, որը զբաղեցնում են մեր բազմամյա փորձ ունեցող մասնագետները, և, որ շուտով մեր ներկայիս տնօրեն պարոն Մարկոսյանին հեռացնելու են աշխատանքից որպես անարժան և անգրագետ մասնագետի և փոխարենը նշանակելու են իր աներոջը` Մովսես Վարդանյանին», -նշում են նամակի հեղինակները:
Նրանք նշում են, որ ԱԷԿ-ի անվտանգության ապահովման համար ստացվող գումարները շորթվում են Մովսես Վարդանյանի կողմից և անարդար բաշխվում անգրագետ, աշխատանքային փորձ չունեցող փեսային և իր մյուս բարեկամներին:
«Խնդրում ենք Ձեզ ազատել մեզ բռի, թալանչի Մովսես Վարդանյանից և նրա նմաններից, որոնք մեր երկրի համար խիստ ռազմավարական նշանակություն ունեցող ԱԷԿ-ում անառողջ մթնոլորտի պատճառն են», – գրում են ԱԷԿ-ի աշխատակիցները: