Իհարկե, թատրոնը շոուների տեղ չէ, բայց այսօր բեմադրիչները հավես չունեն լավ ներկայացումներ բեմադրելու: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «7.5», «No Comment» ներկայացումների հեղինակներից մեկը, հումորիստ, շոումեն Հովհաննես Ազոյանը:
Մեր խնդրանքով Ազոյանը մեկնաբանել է թատերական ռեժիսոր, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի հնչեցրած հետևյալ հայտարարությունը.
«Մենք չենք ցանկանում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրված տեսնել այդ 8 ու կեսերը, 64 ալիքներն ու 96 ատամները, որոնք հանդիսատեսին ոչ մտածելու, ոչ էլ հուզվելու նյութ են տալիս»:
Նա նշել է, որ Նիկոլայ Ծատուրյանի խոսքն իրականում շոուների հեղինակներին չէ ուղղված:
«Իրականում նա էլ չգիտի` ում է մեղադրում: Նա շատ ճիշտ բան ա ասել. թատրոնը պիտի այնքան լավը լինի, որ շոուները չդիմանան մրցակցությանը և դուրս գան մրցակցությունից: Մարդիկ ավելի շատ հաճախում են շոուներին, քանի որ դա է նրանց ջանասիրաբար ներկայացվում, շոուների կազմակերպիչները շատ լավ են աշխատում», – նշել է Ազոյանը:
Այն, որ հին սերնդի բեմադրիչները լավ ներկայացումներ չեն բեմադրում, հումորիստը բացատրել է սովետական մտածելակերպով:
«Լավ, լիարժեք ասելիք բեմադրելու համար ազատ է պետք մտածել, ազատամիտ պետք է լինեն: Իսկ նրանք չեն հավատում ոչ մի բանի` ոչ իրենց, ոչ իրենց արածին, ոչ արդյունքին, ոչ էլ երկրին: Ոչ մի բանի չեն հավատում», – ասել է Ազոյանը: