Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի առաջիկա այցի վերաբերյալ Երևանի, Բաքվի և Թբիլիսիի մեկնաբանությունները վկայում են այն մասին, որ Սարկոզիի այցը տարածաշրջան չափազանց շատ է կարևորվում, այսօր գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
«Թբիլիսիի և Բաքվի պարագայում ամեն ինչ քիչ թե շատ հասկանալի է: Վրաստանը կբողոքի Մեդվեդև-Սարկոզի համաձայնագիրը խաղտող Ռուսաստանից: Եվ, իհարկե, կհիշեցնի հյուրին Վրաստանը սեղմ ժամկետներում եվրոպական համակարգերում ընդգրկելու վերաբերյալ խոստումների մասին:
Ադրբեջանը նույնպես կբողոքի Ռուսաստանից, որը, ղարաբաղյան հարցում խաղաղարար նախաձեռնություն ստանձնելով, ըստ Բաքվի, չի կարողանում (և չի ցանկանում) Հայաստանին զիջումների դրդել: Ադրբեջանը խոսում էր փոփոխությունների անհրաժեշտության մասին, և, հնարավոր է, դեմ չի լինի, եթե գործով սկսի զբաղվել Ֆրանսիան, որը պատրաստ կլինի փոխարինել Ռուսաստանին եռակողմ հանդիպումների ձևաչափում: Փարիզը եղբայրական Անկարան չէ, բայց ավելի վատ հաստատ չի լինի:
Իսկ այն, ինչ կլինի Երևանում, մշուշոտ է: Ֆրանսիան Ռուսաստանից հետո համարվում է Հայաստանի առավել մտերիմ գործընկերը միջազգային թատերահարթակում: Սակայն վերջերս հարաբերությունները փորձության ենթարկվեցին. ի հեճուկս Ֆրանսիայում հայկական սփյուռքի հետ ունեցած համաձայնության, Սարկոզին հանկարծ ամեն ինչ արեց, որպեսզի տապալվի Հայոց Ցեղասպանությունը ժխտողներին քրեական հետապնդման ենթարկելու մասին օրինագիծը: Հարվածը հասցվեց այն պահին, երբ Ռուսաստանը ձեռնամուխ եղավ ղարաբաղյան հակամարտության լուծմանը, և դա կարող էր ակնարկ լինել Հայաստանին նման սցենարի անցանկալիության մասին: Հայաստանը հայտնվեց անհարմար դրության մեջ:
Հաշվի առնելով այն, որ Բաքուն պահանջում է վերադարձնել Ղարաբաղը, հրաժարվելով ցանկացած այլ տարբերակից և խնդրի լուծման այլ մոտեցումներից, օրինաչափ է, որ հայկական հանրության մի մասի մոտ մտավախություններ են առաջանում. հանկարծ թե խաղաղարարի համբավն ամրապնդելու Մոսկվայի ցանկությունը չգերակշռի դաշնակցական պարտավորություններին և չվերածվի Երևանի վրա ճնշման:
Ֆրանսիան Ռուսաստանի ամենաանգութ հակառակորդը չէ աշխարհաքաղաքական խարդավանքներում: Բայց արդյո՞ք Մոսկվային պետք է ևս մեկ հակառակորդ Հարավային Կովկասում:
Իրականությունը թելադրում է Ռուսաստանին Երևանի և Բաքվի հետ իրական ռազմավարական հարաբերություններ պաշտպանելու անհրաժեշտությունը: Միայն մեկ կողմի վրա ճնշում գործադրելով` բարդ խնդիրների լուծմանը հասնելն անհնար է: Եվ անիրատեսական: Իսկ հակամարտության երկու կողմերի հետ ռազմավարական հարաբերությունները, Ռուսաստանի հենց այն բացառիկ առավելությունն է, որը կարող է վերածվել տարածաշրջանում ամուր խաղաղության», – գրում է թերթը: