«Արմավիա» ավիաընկերությունը երբեք չի ունեցել «ԻԼ 76» ինքնաթիռ և զբաղվում է միայն ուղևորատար փոխադրումներով, այլ ոչ թե բեռնափոխադրումներով: Այս մասին այսօր հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան` մեկնաբանելով Մոլդովայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Յուրի Դոմինիկի հայտարարությունը: Վերջինս նշել է, որ զենքերի հերթական բաժինը վերցնելու և վերադառնալու նպատակով Լիբիայից Մոլդովա ժամանած Իլ-76 ինքնաթիռը պատկանում է «հայկական քաղաքացիական ավիաընկերությանը»:
Գեներալ Դոմինիկը հաստատել է այն փաստը, որ փոխադրողի համար գաղտնիք չի եղել, թե ուր է ուղղվում զենքը: Ըստ «Ինտերֆաքսի»` Քիշնևը լիբիական կողմին հին, ժամկետնանց զենք է վաճառել:
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի մամլո քարտուղար Նելլի Չերչինյանը երեկ Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ «այս հարցի առնչությամբ մեկնաբանություն կարող է տալ միայն «Արմավիան»»: «Արմավիայի» մամուլի քարտուղարը հեռախոսազանգին երեկ չէր պատասխանում: