Այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի խմբագրատան առջև բողոքի ակցիա էին կազմակերպել «Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները, ինչպես նաև այլ քաղաքացիներ, ովքեր եկել էին աջակցելու ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին:
Բողոքի համար հիմք է հանդիսացել «ՉԻ»-ի՝ Epress.am-ից արտատպած «Հայկական ավիաընկերությունը զե՞նք էր մատակարարում Լիբիային» հոդվածը, որում, մասնավորապես, վկայակոչվում են Մոլդովայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Յուրի Դոմինիկի խոսքերն այն մասին, որ զենքերի հերթական բաժինը վերցնելու և վերադառնալու նպատակով Լիբիայից Մոլդովա ժամանած Իլ-76 ինքնաթիռը պատկանում է «հայկական քաղաքացիական ավիաընկերությանը» (հոդվածի սկզբնաղբյուրը` «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայք): Epress.am-ը «Էխո Մոսկվիի» հրապարակման առնչությամբ դիմել էր Հայաստանի քաղաքացիական ավիացիայի մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանին, ով մեզ հայտնել էր, որ այս հարցի առնչությամբ մեկնաբանություն կարող է տալ «Արմավիան»: «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հեռախոսազանգին չի պատասխանել: Ավելի ուշ «Արմավիան» հաղորդագրություն էր տարածել, որով պնդում էր, որ ««Արմավիա» ավիաընկերությունը երբեք չի ունեցել «ԻԼ 76» ինքնաթիռ և զբաղվում է միայն ուղևորատար փոխադրումներով, այլ ոչ թե բեռնափոխադրումներով»:
«ՉԻ»-ի լրագրող Գոհար Վեզիրյանն այսօր Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ իրենց խմբագրության դիմաց հավաքվածներից գրեթե ոչ ոք չգիտեր, թե ինչի համար է եկել. «Միայն մի քանիսն էին տեղյակ, մնացածը պարզապես թվաքանակ էին ապահովում»:
«Անեծքների մակարդակի հայտարարություններ էին հնչեցնում, մեզ մեղադրում էին սուտ տեղեկատվություն տարածելու մեջ: Հայտարարում էին՝ «կտանք, կջարդենք, կփշրենք խմբագրությունը, ինչ եք ուզում էդ մարդուց, էդ մարդը բարերար ա (նկատի ունի Միխայիլ Բաղդասարովին – խմբ.): Մենք փորձում էինք հնարավորինս մատչելի բացատրել, որ մենք չենք սկզբնաղբյուրը, որ արտատպել ենք Epress.am-ից, սակայն նրանք ցանկություն չունենին ոչինչ հասկանալ, միայն սպառնում էին և հայհոյախառն բառեր ասում,- պատմել է լրագրողը: – Նրանք սկզբում մեղադրում էին, որ մենք նույնությամբ չենք արտատպել տեղեկատվությունը, սակայն երբ ժամանեց ոստիկանությունը և ապահովեց մեր ապահով մուտքը խմբագրության շենք, նրացից մի կին մեզ հետ ներս մտավ, և ես ցույց տվեցի, թե թերթի հրապարակումը, և թե Epress.am կայքում տեղադրվածը»:
Վեզիրյանը նշել է, որ բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին տեսախցիկներ, ինչպես նաև ներկա էին «Կենտրոն», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները:
Վեզիրյանի խոսքով` այդ մարդկանց պարզապես առիթ էր պետք, որպեսզի «ՉԻ»-ի դեմ հանդես գան, քանի որ «Բաղդասարովի գործուներությունը միշտ էլ եղել է մեր թերթի ուշադրության կենտրոնում: Պարզ էր, որ այդ մարդիկ կոնկրետ ուղղորդված էին կոնկրետ վայրից»,- ասել է լրագրողը: