ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու Հայաստանի անկախության տոնակատարության սեպտեմբերի 21-ի միջոցառումներին, այդ թվում՝ պետական ճաշին, ինչպես նաև սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք զորահանդեսին ու տոնական մեծ համերգին:
Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Epress.am-ին հայտնել է, որ Քոչարյանը ևս միջոցառումներին չի մասնակցելու, քանի որ հանրապետությունում չէ:
«Ինքը հանրապետությունում չէ, և, կարծում եմ, չի կարող մասնակցել միջոցառումներին»,- ասել է Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները պաշտոնապես հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տոնակատարության սեպտեմբերի 21-ի միջոցառումներին:
ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգության» ղեկավար, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր նույնպես հայտարարել է, որ նշված միջոցառումներին չի մասնակցելու, քանի որ 4 օրով ուղևորվում է Կիև: