Հայաստանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ իր գործընկերներին կոչ է արել զերծ մնալ Ուկրայինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի մասին ծայրահեղական հայտարարություններ անելուց:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Զոհրաբյանը, հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ բազմաթիվ ծայրահեղ որակումներ են հնչել:
«Մի մասը հայտարարում էր, որ Տիմոշենկոն քաղաքական հալածյալ է, իսկ մյուս կողմն էլ պնդում էր, որ նա կոռուպցիոներ է և պետք է պատասխան տա: Ես այնտեղ ելույթ ունեցա, և բոլորին կոչ արեցի զերծ մնալ ծայրահեղ հայտարարություններից, քանի որ դեռևս դատական գործընթաց կա, և մեր խնդիրը պետք է լինի հետևել, որ Տիմոշենկոյի դատավարությունը հնարավորինս բաց անցնի»,- ասել է Զոհրաբյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ անցյալ շաբաթ «Եվրանեսթ»-ի հերթական հանդիպման ժամանակ հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի կին պատգամավորի հետ, ում հայտնել է իր դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ Ուկրայինայի Գերագույն Ռադայի մի քանի պատգամավորներ նամակով դիմել էին Նաիրա Զոհրաբյանին, որպեսզի վերջինս միջազգային կարևորագույն ամբիոններից հանդես գա ի պաշտպանություն երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել: