Սերմնահեղուկի աշխարհի խոշորագույն բանկը հրաժարվել է կարմրամազ դոնորների ծառայություններից, քանի որ նման գեների պահանջարկը ծայրահեղ փոքր տոկոս է կազմում, գրում է The Daily Telegraph-ը:
Ինչպես պատմել է Cryos սերմնահեղուկի միջազգային բանկի տնօրեն Օլո Շոուն, վերջին տարիներին դոնոր դառնալ ցանկացողների թիվը էապես աճել է, ինչը թույլ է տալիս բանկերին առավել մեծ ընտրողականություն ցուցաբերել:
Ներկայումս, ընդգծել է Շոուն, բանկի ֆոնդի ընդհանուր ծավալը 70 լիտր է: Սպասողների ցուցակում 600 դոնորներ կան: «Չափազանց շատ են կարմրամազերը` պահանջարկի համեմատ: Չեմ կարծում, որ դուք կարմրամազ դոնորի կընտրեք, եթե, իհարկե, ձեր ամուլ զուգընկերը կամրմրամազ չէ, և եթե միայնակ կինը հատուկ նախասիրություններ չունի կարմրամազերի նկատմամբ»,- պարզաբանել է Շոուն:
Նա նաև նշել է, որ կարմրամազերի կայուն պահանջարկ ունեցող միակ երկիրը Իռլանդիան է, որտեղ նման գեն ունեցող սերմնահեղուկը «տաք կարկանդակի պես է սպառվում»:
Ըստ Շոուի` այժմ առավել պահանջված են սևահեր և շագանակագույն աչքերով դոնորները, քանի որ Cryos-ի շատ հաճախորդներ բնակվում են Իսպանիայում, Իտալիայում և Հունաստանում:
Բացի դա, նկատվում է հնդիկների սերմնահեղուկի պակաս, քանի որ այդ երկրի օրենքները արգելում են սերմնահեղուկի և ձվաբջջի արտահանումը: