Վաղը՝ առավոտյան ժամը 9:00-ին, Երևանի Սարյանի պուրակից բողոքի երթ է մեկնարկելու դեպի Ազատության հրապարակ: Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ այն անցկացնում են Հայաստանի անկախության տոնին նվիրված ռազմաշքերթի ընթացքում «օտար զորախմբերի և դրոշների դեմ»:
«Ովքեր համարում են, որ մեր Անկախության տոնի ռազմական շքերթում օտար երկրների դրոշներն ու զորքերը անելիք չունեն, հրավիրվում են բողոքի քայլերթի մասնակցելու: Երթուղին առայժմ քննարկվում է, բայց մեկնարկային կետն ու ժամը հստակ է: Եթե մասնակցելու եք` արտահայտվեք, բոլոր առաջարկները (հագուստ, պաստառ, երթուղի և այլն) խրախուսելի են, արտահայտվեք»,-ասված է կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ստորաբաժանումը ռուսական դրոշի ներքո մասնակցելու է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթին:
Այս մասին Epress.am-ին տեղեկացրել էր Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Նա նշել էր, որ ռազմաշքերթին մասնակցելու են նաև հայկական այն ստորաբաժանումները, որոնք նախատեսված են ՀԱՊԿ-ի կազմում գործելու համար:
Լուսանկարը` army-news.ru