ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ Նյու Յորքում քննարկել են Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների բարելավմանն ուղղված հնարավոր քայլերը: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը` չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են եղել կողմերի միջև այդ առնչությամբ:
Քլինթոնի և Դավութօղլուի հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից առաջ: Զրույցի հիմնական թեման է եղել Թուրքիայի և Իսրայելի փոխհարաբերությունների սրացումը:
Հիլարի Քլինթոնը կոչ է արել Թուրքիային նվազեցնել լարվածությունը և բարելավել մարտավարական հարաբերությունները Իսրայելի հետ, քանի որ պաշտոնական Վաշիգթոնը երկու երկրներն էլ ընկալում է որպես իր մարտավարական գործընկեր:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը, ով չի նշել իր անունը, պատմել է գործակալության թղթակցին, որ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Քլինթոնը հստակ ասել է, որ «այժմ այն ժամանակը չէ, երբ լարվածության կարիք կա տարածաշրջանում»:
Միացյալ Նահանգները նաև առաջարկել են միջնորդ հանդիսանալ իսրայելա-թուրքական հարաբերություններում, սակայն Դավութօղլուն մերժել է ԱՄՆ Պետքարտուղարին:
Նշենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել են 2010 թվականին, երբ իսրայելական զինված ուժերը հարձակում են գործել «Մավի Մարմարա» թուրքական նավի վրա, որը հումանիտար օգնություն էր փոխադրում Պաղեստին: Նավը հայտնվել է այն ջրերում, որոնք իսրայելական ուժերն արգելափակել էին:
Այժմ Իսրայելը սպառնում է մի շարք միջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, որոնցից մեկը Հայոց Ցեղասպանության ճանաչումն է: