Անկախության ճանապարհը դժվար էր, վճարված գինը` շատ թանկ. դա նախևառաջ հազարավոր հայ հերոսների կյանքն էր, ովքեր ընկան հանուն Արցախի ազատագրման և հանուն Հայաստանի ինքնիշխանության: Այս մասին ասված է ՀՀ անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության կողմից հղված շնորհավորական ուղերձի մեջ:
«Առաջին և Երկրորդ հանրապետություններից տնտեսական, գիտակրթական ու մշակութային հարուստ ժառանգություն ստացած, 21-րդ դարի նախաշեմին հիմնադրված և ազատագրական պատերազմում հաղթանակած Երրորդ հանրապետությունը գոյության 20 տարիների ավարտին պետք է դարձած լիներ հայոց երազանքների մարմնավորումը, հազարամյակների ընթացքում երբևէ գոյություն ունեցած հայկական պետականությունների դափնեպսակը: Ցավոք սրտի, այդպես չէ. նորանկախ Հայաստանը տակավին տառապում է անարդարությունների, անօրինությունների և անազատության ախտից: Մնում է հուսալ, որ անցած երկու տասնամյակների բոլոր իշխանությունների անխոհեմ, երբեմն էլ` նեղ անձնական շահադիտությունները սպասարկող քաղաքականության փոխարեն, ի վերջո, կունենանք ազգային-պետական մտածողություն, արդյունավետ կառավարում և ճիշտ ռազմավարություն, որոնք Հանրապետության հիմնադիր հանդիսացող բոլոր սոցիալական խավերին, բոլոր քաղաքացիներին կբերեն ապահով ու բարօր ապագա, և այն այլևս իրեն օտար չի զգա սեփական հայրենիքում, անվերադարձ չի հեռանա այլ երկրներ: Եվ դրան հասնելու ենք բոլորս միասին` ուժերի մեկտեղմամբ, նոր քաղաքական այլընտրանք առաջարկելով և Հանրապետության հիմնադիր քաղաքացիների երազանքների պետությունը կերտելու հանձնառությամբ», – ասված է «Ժառանգություն» կուսակցության ուղերձի մեջ: