Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը հերքել է ենթադրություններն այն մասին, որ իր ընկերությունը կեղծում է որոնողական հարցումների արդյունքներն իր առևտրային ծառայությունների առաջխաղացումն ապահովելու համար:
Շմիդտը նման հայտարարությամբ է հանդես եկել Վաշինգտոնում Կոնգրեսի նիստի ընթացքում. «Կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք ոչինչ չենք կեղծում»,-ասել է նա:
Նշենք, որ դատական համակարգի հարցերով Սենատի կոմիտեն Google-ին մեղադրում է շուկայում իր առաջատար դիրքի չարաշահման մեջ:
Զուգահեռաբար հարցի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ԱՄՆ-ի Դաշնային առևտրային հանձնաժողովը:
«Google-ն իր մրցակիցներին կամ տեղեկատվության այլ աղբյուրներին արգելափակելու համար ոչինչ չի անում»,- վստահեցրել է Շմիդտը:
Google-ի առաջատար դիրքը մտահոգություն է առաջացնում որոնողական այլ կայքերի ղեկավարության շրջանում, քանի որ ընկերությունն այժմ զբաղեցնում է շուկայի երկու երրորդը, և շարունակում է իր ազդեցությունը տարածել շարունակաբար նոր մարքետինգային տարածքներ գրավելու շնորհիվ:
Հիշեցնենք, որ Էրիկ Շմիդտը զբաղեցնում էր Google-ի գլխավոր տնօրենի պաշտոնը շուրջ տասը տարի: Ընթացիկ տարվա ապրիլին այդ պաշտոնում նրան փոխարինեց ընկերության երկու հիմնադիրներից մեկը` Լարի Փեյջը: