ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անձնապես պետք է ընդունի 1994-1998 թվականներին իր կառավարման ընթացքում տեղի ունեցածը, երբ երկրում կային բանտարկյալներ:
Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Անկախության 20 տարիները Հայաստանում և տարածաշրջանում» թեմայով քննարկման շրջանակներում, այս մասին ասել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը:
Նա, այնուամենայնիվ, նշել է, որ Տեր-Պետրոսյանի ելույթներում հնչող քննադատություններն արդարացի են, քանի որ «օլիգոպոլիայի գոյությունը վնասակար է պետության համար»:
«Սակայն նա պետք է հիշի, որ իր կառավարման ժամանակներում է հիմք դրվել այդպիսի երևույթներին»,- ասել է դեսպանը:
Խոսելով ընդդիմության մասին` նա նաև անդրադարձել է Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքների խնդրին:
«Իմ կարծիքով` շատ կարևոր քայլ էր Ազատության հրապարակում հանրահավաքների թույլատրումը, չնայած, ես կարծում եմ, որ քաղաքական տեսանկյունից պարզամտություն է միայն Ազատության հրապարակում հավաքների անցկացում պահանջելը: Եթե մարդիկ ցանկանում են հավաքներ իրականացնել, դա կարող են անել ցանկացած վայրում և հրապարակում»,- ասել է Գերմանիայի դեսպանը: