2011 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդների թվում կարող են հայտնվել այն բլոգերները, որոնք սոցիալական կայքերի միջոցով ընթացիկ տարվա գարնանը հեղափոխական շարժումներ էին կազմակերպում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի մահմեդական երկրներում:
Նման առաջարկով է հանդես եկել Նորվեգիայի նախկին արտգործնախարար Յան Էգելանդը: Նրա խոսքով` նման կերպ կազմկոմիտեի ղեկավարությունը ցանկանում է արձագանքել խոշոր միջազգային իրադարձությանը: Այս տրամաբանությունից ելնելով` Նոբելյան կոմիտեն կարող է մրցանակ շնորհել Եգիպտոսում Google որոնողական կայքի մենեջեր Վաել Գոնիմին, ով համարվում է եգիպտական հեղափոխության գլխավոր կազմակերպիչներից մեկը: Մրցանակի հավակնորդների մեջ կարող է լինել նաև թունիսցի բլոգեր Լինա Բեն Մեննին, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Իր կարևորությամբ և բեկումնայնությամբ ոչ մի իրադարձություն չի կարող մոտենալ այս գարնանը արաբական երկրներում տեղի ունեցած դեպքերին»,- նշել է Էգելանդը:
Մրցանակի հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 7-ին Օսլոյում: Խաղաղության մրցանակի հավակնորդների թվում են նաև Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը: