Կիպրական «ԱՊՈԵԼ»-ի հետ երեկվա հանդիպումից հետո ուկրաինական «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել է, որ թիմին չէին բավականացնում ուժեղ հարձակվողական գործողությունները:
«Եթե մենք խաղում ենք կազմակերպված և ուժեղ թիմի դեմ, որը «նստում է» իր տուգանայինում, այդ գործոնը կարևոր դեր է խաղում վերջնական արդյունքում: Եթե գոլ խփեինք, հակառակորդ թիմը, հավանաբար, «կբացվեր», ինչը կհեշտացներ մեր խնդիրը:
Դարպասապահը բավական վստահ խաղաց: Եթե դրվագներից մեկում Մխիթարյանը գոլ խփեր, միգուցե, ամեն ինչ այլ կերպ դասավորվեր: Բայց մրցակցի դարպասապահն անձնվիրաբար գործեց` նետվելով նրա ոտքերի տակ: Եթե հաջողությունը չի ուղեկցում և գնդակը չի ցանկանում ցանցը մտնել, ոչինչ չես անի: Այսօր Կիպրոսի թիմի ֆուտբոլիստները մի քանի անգամ փրկեցին դարպասը»,-Լուչեսկուի խոսքերն է փոխանցում «Շախտյորի» մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Մխիթարյանը դաշտում անցկացրեց 90 րոպե: