ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական տվյալներով` Հայաստանի 247 հազար 500 քաղաքացիներ աշխատանք են փնտրում: Այս թիվը նշված է «Զբաղվածության կարգավորման 2012թ. պետական ծրագիր» նախագծում:
Նախագիծը ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ըստ փաստաթղթի, Հայաստանի աշխատանք փնտրող քաղաքացիներից «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կառույցներում գրանցված են 88 հազար 300-ը միայն: Փորձագետների գնահատմամբ, սակայն, պաշտոնապես հրապարակվող տվյալներն իրականությունն ամբողջությամբ չեն արտացոլում, քանի որ ոչ պաշտոնական հետազոտությունները ցույց են տվել, որ գործազուրկ է Հայաստանի տնտեսապես ակտիվ ավելի քան 500 հազար մարդ, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Եթե ելնենք ՀՀ բնակչության պաշտոնական թվերից, սա կազմում է տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան երեսուն տոկոսը: Բայց քանի որ ՀՀ բնակչության պաշտոնական թիվը նույնպես ուռճացված է, ՀՀ-ում գործազրկության իրական մակարդակը կարող է հասնել 45-50 տոկոսի: Այս ցուցանիշով Հայաստանը «առաջատար» դիրքեր ունի աշխարհում, գրում է օրաթերթը: