«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթն իր այսօրվա համարում ներկայացրել է թերթի դեմ ուղղված «Արմավիա» ավիաընկերության դատական հայցի մանրամասները:
Ընկերությունը թերթից 2 միլիոն դրամ է պահանջում «գործարար համբավն արատավորող» տեղեկություններ հրապարակելու համար:
«ՉԻ»-ն նշում է, որ «Արմավիան», որը պատկանում է հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովին, իր հայցադիմումում նշել է, որ դատի է տվել թերթին «Արմավիան է զենք մատակարարել» հոդվածի համար, մինչդեռ իրականում տպած լուրը հարցականով է եղել «Արմավիա՞ն է զենք մատակարարել»: Փաստորեն, հրապարակումը չի հաստատում «Արմավիայի» ինքնաթիռով զենք մատակարարելու փաստը, այլ ընդամենը հարցարդում է անում:
Թերթը նաև նշում է, որ լուրի հրապարակման հաջորդ օրը Epress.am-ը հերքում է տարածել, և «ՉԻ»-ն այդ հերքումը տպագրել է:
«Մեր թերթում հրապարակված լուրի ցանկացած նախադասություն կոնկերտ սկզբնաղբյուր ունի, որոնցից որևէ մեկին «Արմավիան», չգիտես ինչու, դատի չի տվել: Մեր միակ «նախաձեռնությունը» եղել է «Արմավիայի» ինքնաթիռներից մեկի լուսանկարը տեղադրելը:Փաստորեն` ստացվում է, որ «Արմավիայի» համբավն արատավորել է նույն այդ ընկերության ինքնաթիռի լուսանկա՞րը», – հարցադրում է անում օրաթերթը:
«ՉԻ»-ն նշում է նաև, որ ժամանակին, երբ մամուլի մասին օրենքն «ապաքրեականացվում» էր, շատերի համար հասկանալի էր, որ իշխանությունները դա օգտագործելու են անցանկալի լրատվամիջոցներին դատական գործընթացներով խեղդելու և սնանկացնելու համար։ Անցավ մի քանի ամիս, և մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ արդեն իսկ միլիոնանոց տույժերի են երթարկվել:
«Այս բացահայտ տեռորը կանխելու միակ ձետ թերևս այն կլիներ, որ լրատվամիջոցները միանային՝ անկախ քաղաքական կողմնորոշումներից, և փորձեին պաշտպանել սեփական իրավունքներր, բայց անկեղծ ասած՝ տպավորությունն այնպիսին է, թե մեր լրատվամիջոցները ոչ սեփական «անձի արժանապատվություն» ունեն, ոչ էլ «գործարար համբավ»։ Օրինակ՝ նույն Միխայիլ Բադդասարովր վերջերս հեռաստաեթերից լրագրողներին անվանեց «անմեղսունակ»։ Եվ ի՞նչ։ Մեռելային լոություն։ Երևի միայն մեր թերթն անդրադարձավ։ Եթե այդ հայտարարությունից հետո լրագրողները հերթով դատի տային Բաղդասարովին, ու ամեն մեկը 2 միլիոն դրամ պահանջեր, հաստատ այս վիճակը չէր լինի», – գրում է օրաթերթը:
Հիշեցնենք, որ Բաղդասարովի պահանջի պատճառը «ՉԻ»-ի՝ Epress.am-ից արտատպած «Հայկական ավիաընկերությունը զե՞նք էր մատակարարում Լիբիային» հոդվածը, որում, մասնավորապես, վկայակոչվում են Մոլդովայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Յուրի Դոմինիկի խոսքերն այն մասին, որ զենքերի հերթական բաժինը վերցնելու և վերադառնալու նպատակով Լիբիայից Մոլդովա ժամանած Իլ-76 ինքնաթիռը պատկանում է «հայկական քաղաքացիական ավիաընկերությանը» (հոդվածի սկզբնաղբյուրը` «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայք): Epress.am-ը «Էխո Մոսկվիի» հրապարակման առնչությամբ դիմել էր Հայաստանի քաղաքացիական ավիացիայի մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանին, ով մեզ հայտնել էր, որ այս հարցի առնչությամբ մեկնաբանություն կարող է տալ «Արմավիան»: «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հեռախոսազանգին չէր պատասխանել: Ավելի ուշ «Արմավիան» հաղորդագրություն էր տարածել, որով պնդում էր, որ ««Արմավիա» ավիաընկերությունը երբեք չի ունեցել «ԻԼ 76» ինքնաթիռ և զբաղվում է միայն ուղևորատար փոխադրումներով, այլ ոչ թե բեռնափոխադրումներով»: