Հայաստանի հիմներգի խնդիրն օրվա հրատապ խնդիրներից չէ, սակայն տասնամյակների հրատապ խնդիրներից է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` ներկայացնելով օրհներգի իր տարբերակը:
Ըստ Հայրիկյանի` եռագույնը վերականգնվեց 1998թ. մայիսի 28-ին իրենց նախաձեռնությամբ, իսկ «Մեր հայրենիք» երգը Սարդարապատի հերոսամարտից հետո դարձավ օրհներգ: «Ճիշտ է ասել հիմներգ, այլ ոչ թե օրհներգ»,- նկատել է Հայրիկյանը` բացատրելով, որ այն ոչ թե «օրհնելու երգ» է, այլ «հիմնական երգ», որում ընտրված բառերը կրկնվում են, «կարծես Հայաստանում էլ բառ չկա, չորս բառից երկուսը պետք է լինի «ազատ, անկախ», առավել ևս, որ «մենք, թեև ազատ ենք, բայց և ազատ չենք, անկախ ենք, բայց շատ հարցերում շարունակում ենք կախյալ վիճակում մնալ մեր հարևան երկրներից»»:
Հայրիկյանը տեղեկացրել է, որ վերջերս ԱԻՆ ներկայացուցիչների խորհուրդը որոշում ընդունեց դիմել ՀՀ վարչապետին՝ ներկայացնելով հիմներգի իրենց տարբերակը: Բայց քանի որ վարչապետից պատասխանն ուշացավ, իրենք նամակ գրեցինք նաև ՀՀ նախագահին: Երբ նամակը նախագահի մոտ էր, իրենք վարչապետից ստացան դրական պատասխան: Հայրիրյանի խոսքով` նախագահի աշխատակազմից ևս իրենք ստացել են դրական պատասխան, որում, մասնավորապես, ասվում է, որ հիմներգի տեքստում նրանց առաջարկած փոփոխություններն ընդունելի են, և այդ փոփոխություններն ավելի բարեհունչ կդարձնեն հիմերգի տեքստը:
Եթե ԱԻՄ-ի առաջարկած տարբերակն ընդունվի, ապա հիմներգը կունենա հետևյալ տեսքը. «Մեր հայրենիք ազատ անկախ Որ ապրել է դարեդար Յուր որդիքը արդ կանչում է վերածնված Հայաստան: Ամենայն տեղ մահը մի է Մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի որ յուր ազգի Ազատության կզոհվի, Մեր հայրենիք շղթաներով այսքան տարի կապկապված Յուր քաջ որդոց սուրբ արյունով Արդ ապրում է ազատված»: