Home / Հայաստան / ԱՄՆ-ի հայերը տապալեցին թուրքական ռազմական նվագախմբի ելույթը

ԱՄՆ-ի հայերը տապալեցին թուրքական ռազմական նվագախմբի ելույթը

Հոլիվուդում ծրագրված Օսմանյան ռազմական նվագախմբի շքերթը չեղյալ է հայտարարվել հայկական համայնքի կողմից բարձրացված աղմուկի պատճառով: Նրանք հայտարարել են, որ միջոցառումը վիրավորանք է հասցնում 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է Glendale News Press-ը:

Հոկտեմբերի 3-ի համար արտոնված շքերթը չեղյալ է հայտարարվել չորեքշաբթի, հաղորդել է Լոս Անջելեսի ոստիկանական կոմիտեի ներկայացուցիչը:

 

Միջոցառման կազմակերպիչ, Պասիֆիկա համալսարանի խոսնակ Հաֆաս Ռայը նշել է, որ հայերի վրդովմունքը անակնկալի է բերել իրենց, քանի որ կազմակերպության առաքելությունը ընդամենը ազգամիջյան երկխոսությունը խթանելն է:

«Մենք որևէ մեկին վիրավորելու նպատակ չունեինք, դա մեր ծրագրերի մեջ չէր մտնում», – ասել է խոսնակը:

Շքերթը հոկտեմբերի 6-ին Կոստա Մեսայում մեկնարկող Անատոլիայի մշակույթի փառատոնի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու միտում ուներ, որը, Ռայի խոսքով` վերաբերում է այն բոլոր ազգերին, որոնք ժամանակին ապրել են այժմյան Թուրքիայի տարածքում, այդ թվում` հայերին:

Բայց երբ միջոցառման մասին լուրերը սկսեցին տարածվել, այն դատապարտման ենթարկվեց հայկական համայնքի կողմից: Հայերը շքերթն անվանել են «ատելության և հետապնդումների հրահրմանը հավասարազոր» գործողություն:

Շքերթը որակելով որպես «ակնհայտ սադրանք»` Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարչետին և խորհրդարանական Փոլ Գրիգորյանը համատեղ հայտարարության մեջ նշել էն, որ գոհ են միջոցառման տապալման փաստով, «քանի որ Օսմանյան Կայսրության օրոք իրականացված Հայոց Ցեղասպանությունը չսպիացող վերք է»: