«Երկու արջ մեկ որջում չեն կարող ապրել»: Եթե հավատանք WikiLeaks-ի գաղտնազերծումներին, այսպես դեռ մի քանի տարի առաջ ամերիկյան դիվանագետների մոտ ռուսաստանյան տանդեմի մասին արտահայտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: ԱՊՀ երկրների առաջնորդները դեռևս խուսափում են տանդեմի փոխատեղմանը հրապարակավ արձագանքել, ինչը բավական խելամիտ քայլ է, գրում է «Մոսկովսկիե Նովոստիի» թղթակից Արկադի Դուբնովը:
Այդուհանդերձ, լրագրողը կարծում է, որ Պուտինի վերադարձը Կրեմլ կարող է ուրախացնել թերևս միայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, «և ոչ թե այն պատճառով, որ Մեդվեդևի նախագահությունը Երևանին որևէ շոշափելի դիվիդենդներ չբերեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այն Բաքվի համար էլ նվերի պես բան չէր»:
«Այստեղ այլ հարց կա, հայկական իշխանություններին վերջին տարիներին հաջողվել է Մոսկվայի հետ այնպիսի հարաբերություններ կառուցել, որոնք ընդհանուր առմամբ քիչ են կախված նրանից, թե Կրեմլի ղեկավարի անունն ինչ է: Թեև Պուտինի և նրա թիմի վրա կողմնորոշվելու սովորությունը, կարծես, Երևանում չի փոխվել»,-գրում է լրագրողը: