Սեպտեմբերի 29-ին Թուրքիայում տեղի են ունեցել հայ համայնքի փաստաբանների կողմից թուրքական կառավարության դեմ ներկայացրած հայցով լսումները:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը Ստամբուլից, դատական գործը վերաբերում է Ստամբուլի Հայ պատրիարքության նոր ղեկավարի ընտրություններին: Թուրքիայի Հայ առաքելական եկեղեցու պատրիարքի առողջական խնդիրների պատճառով հայ համայնքը ցանկանում է նոր պատրիարք ընտրել: Ստամբուլի հայ պատրիարքության առաջնորդ Մեսրոպ Մութաֆյանն արդեն 4 տարի է` հիվանդ է, ուստի նա չի կարող իր պարտականությունները կատարել:
Հայ համայնքը 2 տարվա ընթացքում 6000 ստորագրություն է հավաքել` դիմելով Թուրքիայի իշխանություններին նոր պատրիարքի ընտրություններ կազմակերպելու խնդրանքով:
Կառավարությունը մերժել էր նախաձեռնությանը` վկայակոչելով այն հանգամանքը, որ պատրիարքը դեռ կենդանի է, և հնարավոր չէ նորին ընտրել:
Արդյունքում` Պատրիարքության հայկական ընտրական հանձնաժողովը որոշել էր դիմել դատարան: Առաջին լսումները տեղի են ունեցել երեկ` մի շարք հայ փաստաբանների ներկայությամբ: Փաստաբանների խոսնակ Սեպուհ Ասլանգիլը նշել է, որ իրենք ցավում են, որ ստիպված են դատարան դիմել նոր պատրիարք ընտրելու պահանջով, բայց դա անհրաժեշտ քայլ է:
Հայ փաստաբանների հանձնաժողովը հայտարարել է, որ դեմ է ընտրություններին Թուրքիայի միջամտությանը: