Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման հետևանքով հոկտեմբերի 3-ի, ժամը 9.41-ի դրությամբ կա 2 տուժած: Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական կենտրոնից հայտնում են, որ Արճիս գյուղի բնակիչ, 38-ամյա Հրաչիկ Ժորայի Մուսայելյանը ստացել է թեթև կոտրվածք և Նոյեմբերյանի հիվանդանոցում ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել: Ալավերդի քաղաքի բնակիչ, 24-ամյա Արտակ Ռաֆայելի Մայիլյանը ստացել է քերծվածքներ և Ալավերդու հիվանդանոցում ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել:
Հիշեցնենք, որ Երևան-Վանաձոր M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում սողանքային երևույթի պատճառով, ըստ նախնական տվյալների, փլվածքի տակ է մնացել 35 մեքենա:
Երեկ երեկոյան վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Համապատասխան ծառայություններն ուղղվել են դեպքի վայր: Կառավարության կայքի հաղորդմամբ` ձեռնարկվում են բոլոր միջոցները սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Ճանապարհի մոտ 6 մ երկարությամբ հատվածը դարձել է անանցանելի, շրջվել են էլ.սյուներ, որի հետևանքով հոսանքազրկվել են Այրում քաղաքը և Լճկաձոր գյուղը:
Համապատասխան ծառայությունները խնդրում են ձեռնպահ մնալ Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհով երթևեկելուց:
Գործում է շրջանցիկ ճանապարհ՝ Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն ուղղությամբ:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060 44 02 38 հեռախոսահամարներով: