1653 թվականին կառուցված հնդկական Թաջ-Մահալ դամբարան-տաճարը կարող է մոտակա երկու տարիների ընթացքում փլուզվել հիմքի քանդման պատճառով, զգուշացնում են հնդիկ բնապահպանները:
Գիտնականների խոսքով` Ջամնա գետը, որի վրա տեղակայված է Թաջ-Մահալը, վերջին տարիներին լուրջ տուժել է աղտոտումից: Բացի այդ, ջրի մակարդակը խիստ նվազել է, եթե խնդրին լուծում չտրվի, Թաջ-Մահալը կարող է 2-5 տարիների ընթացքում փլուզվել,հայտարարել է Ագրա քաղաքի պատգամավորներից մեկը:
«Աշխարհի այս հրաշալիքը փտում է ջրի բացակայության պատճառով: Դեռ ավելին` վերջին 30 տարիների ընթացքում ոչ ոքի թույլ չեն տալիս մոտենալ հիմքին: Բայց ինչո՞ւ, եթե թաքցնելու ոչինչ չկա»,- ասել է պատմաբան Ռամ Նատը:
Նրա խոսքով` գետը ճարտարապետական դիզայնի կարևոր մասն է, եթե այն մեռնի, ապա Թաջ-Մահալն էլ չի լինի: Ճարտարապետները հաշվի չեն առել այդ հանգամանքը, երբ կառուցում էին տաճարը: