Home / Հայաստան / ՖՈՏՈ – Րաֆֆի Հովհաննիսյանը` Ազատության հրապարակում. զրույց Տեր-Պետրոսյանի և Զուրաբյանի հետ

ՖՈՏՈ – Րաֆֆի Հովհաննիսյանը` Ազատության հրապարակում. զրույց Տեր-Պետրոսյանի և Զուրաբյանի հետ

«Միացեք մեզ, միացեք, պարոն Հովհաննիսյան, ազգի ցավը շատ ա, միացեք»: Ահա այսպես են Ազատության հրապարակում դիմավորել Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած շուրջօրյա հանրահավաքների մասնակիցները «Ժառանագություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Epress.am-ի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ Հայաստանի քաղաքացին հատուկ նպատակ չպետք է ունենա, որպեսզի գա «մեզ բոլորիս պատկանող Ազատության հրապարակ»:

«Ես եկել եմ իմ համաքաղաքացիներին բարևելու, ողջունելու, զորակցելու և ասելու, որ ազատությունն ի վերջո կայցելի Հայաստան: Ես ողջունում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու սահմանադրական իրավունքի ցանկացած արտահայտություն»,- իր այցի նպատակի մասին ասել է Հովհաննիսյանը:

Մեր այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ որպես քաղաքական ուժ «Ժառանգությունը» միանա Հայ Ազգային Կոնգրեսին, Հովհաննիսյանը պատասխանել է.

«Ես կարծում եմ, որ զորակցությունը ոչ հարցազրույցներով, ոչ էլ անգամ հայտարարություններով է, այլ գործով: «Ժառանգությունը» պատրաստ է եղել և փաստել է նույն այս հրապարակում` գործը անել միասին: Միասինը դա ենթադրում է, ոչ թե միակողմանի գործողներ, այլ իսկական նվիրում, հավատամք` նոր ժամանակակից բանաձև գտնելու համար և այդ բանաձևը յուրաքանչյուր ուժ, անհատ, նախագահ, առաջնորդ պետք է իրենից բարձր դասի: Ես հույս եմ տածում, որ այս վերանայումը կլինի բոլորի մոտ: Եվ ի վերջո կշրջանցենք խայթոցները և «գալոչկա» դնելը: Դա իսկապես ավելորդ բան է, բայց նորմալ է քաղաքական պայքարի համար: Իրական հաղթանակը պահանջում է նոր մոտեցում, որը պիտի լինի ընդգրկուն, ոչ մեկը վերևից չպետք է քարոզի կամ քարկոծի, այլ նոր լուծում է պետք: Վերևից քարոզելը, գնահատական տալը գործին չի օգնի: Ես զորակցում եմ ՀՀ քաղաքացիներին, մեր գործընկեր հոսանքի անդամներին, ովքեր իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը: Ես կրկնում եմ, որ առանձին վերցրած, քանի դեռ չկա այդ համատեղումը, որի հիմքերը դրված են տարիներ առաջ, մենք հաղթանակը չենք վայելելու, ես հավատում եմ մեր հաղթանակին: Նոր մոտեցում, նոր բռունցք է պետք»,- ասել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի  հետ զրուցել է Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, ով Epress.am-ի հետ զրույցում ասել է.

«Հովհաննիսյանը, փաստորեն, այցելել էր այս վրանային  քաղաքը: Ես պարտքս համարեցի մոտենալ,  ողջունել նրան, բնականաբար, մասնակցեցի նաև այդ խոսակցությանը, որը ծավալվել էր իր և մեր ակցիայի մասնակիցների միջև, և մենք, փաստորեն, կիսեցինք այն տեսակետը, որ ամբողջ ժողովուրդը պետք է համախմբվի ավազակապետության դեմ պայքարի  մեջ և Հայաստանում դեմոկրատիայի հաստատման գործում»,- նշել է Զուրաբյանը:

Դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը զրուցել է ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Epress.am-ի թղթակիցը Լևոն Տեր-Պետրոսյանից հետաքրքրվել է, թե ինչի մասին են զրուցել քաղաքական գործիչները: Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդը պատասխանել է, որ սովորություն չունի մասնավոր  զրույցների մասին բարձրաձայնել: