Սեպտեմբերի 21-25-ն ընկած ժամանակահատվածում թուրքական Դիարբեքիր քաղաքում անցկացված Միջագետքի սոցիալական ֆորումի ընթացքում ազգությամբ հայ Ֆրանսիայի քաղաքացի հրավիրվել է Դիարբեքիրի ոստիկանական բաժին: Նրա կալանավորման մասին լուրերը տարածվել են միայն այսօր, երբ լրագրողը վերադարձել է Ֆրանսիա և միջադեպի մասին տեղեկացրել Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսարանին, հայտնում է Epress.am-ի թղթակիցը Թուրքիայում:
Համաժողովից առաջ ոստիկանությունը կանգնեցրել և խուզարկել է նրան: Այն բանից հետո, երբ նրա մոտ քրդական կուսակցության պատգամավորներին պատկանող հեռախոսահամարներ են հայտնաբերվել, նրան հրավիրել են ոստիկանություն` պարզաբանումներ տալու քրդական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների առնչությամբ, քանի որ վերջինս, ըստ ուժայինների, կապված է եվրոպական համայնքի կողմից սատարվող ահաբեկչական գործողությունների հետ:
Ֆրանսիայի քաղաքացին հայկական խոշոր հիմնադրամների անդամ է: Նա Թուրքիա էր ժամանել հայերի մասին ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով և հանդիպումներ են ունեցել որոշ գործիչների հետ հոդվածների նախապատրաստման, ինչպես նաև հայերի, թուրքերի և քրդերի միջև երկխոսությանը նպաստելու համար:
Նշենք, որ սեպտեմբերի 21-ին «Երկիր» միության Ֆրանսիայի մասնաճյուղի անդամները հանդիպել էին Դիարբեքիրի ազգությամբ քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրի հետ` քննարկելու համար համատեղ սոցիալ-մշակութային ծրագրեր իրականացնելու հեռանկարները, ինչն էլ, հավանաբար, առիթ է հանդիսացել թուրքական իշխանությունների համար հարցաքննության կանչելու ֆորումի մասնակիցներին: