Թուրքիայի պետնախարար և Եվրամիության հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշը կտրուկ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Երևանում հնչեցրած հայտարարությանը: Ինչպես հայտնում է ANS PRESS-ը, նախարարը նշել է, որ լավ կլիներ` «Սարկոզին իր երկրի խնդիրներով զբաղվեր, և ոչ թե պատմաբանի պարտականություններ վերցներ իր վրա»:
«Համենայնդեպս, Ֆրանսիայում վերջին քաղաքական հարցումների արդյունքները այնքան են վախեցրել Սարկոզիին, որ նա որոշել է նման հայտարարությամբ հանդես գալ»,- հավելել է Բաղիշը:
«Ես դա ասել եմ նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարարին երեկվա հանդիպման ժամանակ: Քաղաքական գործիչների գործունեության մեջ չի մտնում անցյալում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննությունը: Իր վրա պատմաբանի պարտականությունները վերցնելու փոխարեն` Սարկոզին պետք է իր պետության խնդիրներով զբաղվի, ելք գտնի տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար, Եվրամիության ապագայի հետ կապված նոր ծրագրեր մշակի: Դա օգտակար կլինի ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ֆրանսիայի համար, կծառայի աշխարհում խաղաղության պահպանմանը: Սարկոզիի հայտարարությունը սեփական վարկանիշը բարձրացնելուն էր միտված»,- ընդգծել է նախարարը:
Հիշեցնենք, որ Երևանյան այցելության ժամանակ Սարկոզին հայտարարել էր, որ եթե Թուրքիան մինչև 2011 թվականի ավարտը չճանաչի Ցեղասպանությունը, Ֆրանսիան համապատասխան քայլեր կձեռնարկի: