Home / Հայաստան / ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ – Նիկոլ vs. Նիկոլա. Ազատության և Ֆրանսիայի հրապարակները հոկտեմբերի 7-ին

ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ – Նիկոլ vs. Նիկոլա. Ազատության և Ֆրանսիայի հրապարակները հոկտեմբերի 7-ին

Այսօր Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի երկու կողմերում` Ֆրանսիայի և Ազատության հրապարակներում ելույթներ էին հնչում:

Ֆրանսիայի հրապարակում խոսում էին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Նիկոլյա Սարկոզին, իսկ Ազատության հրապարակում` ընդդիմադիր գործիչներ Նիկոլ Փաշինյանն ու Արամ Մանուկյանը:

Ֆրանսիայի հրապարակ շատերին բերել էին բուհերից, դպրոցներից: Մարդկանց Ֆրանսիայի և Հայաստանի փոքր դրոշներ էին բաժանել, ոմանք ձեռքերին ունեին երկու երկրների մեկական դրոշ:

Ֆրանսիայի հրապարակ բերված ուսանողների և դպրոցականների մի փոքր մասը եկավ  Ազատության հրապարակ դեռևս Ֆրանսիայի հրապարակում շարունակվող միջոցառման ժամանակ, իսկ Օգյուստ Ռոդենի արձանի նվիրաբերման արարողությունից և Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահների հեռանալուց հետո պատանիների թիվն Ազատության հրապարակում ակնհայտորեն մեծացավ: Նրանք իրենց հետ բերել էին այն պաստառները, որոնք մինչ այդ առկա էին Ֆրանսիայի հրապարակում:

Երեխաները ընդդիմության ներկայացուցիչների և համակիրների հետ շուրջպար բռնեցին:

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին ելույթով հանդես եկավ նորեկների առջև:

«Մենք ուզում ենք, որ իշխանությունը բռնազավթած հանցագործները պատասխանատվություն կրեն: Ուզում ենք ՀՀ քաղաքացին իրեն զգա արժանապատիվ: Մենք ուզում ենք, որ Հայաստանում բոլորը հավասար լինեն օրենքի առաջ: Մեր պայքարն ազատ և երջանիկ Հայաստանի համար է: Մենք խոստացել ենք Հայաստանի բոլոր քաղաքացիներին, որ այդ նպատակի համար պայքարելու ենք միչև վերջ», – ընդդիմության պայքարի բնույթը երիտասարդներին և պատանիներին բացատրում էր Նիկոլ Փաշինյանը: