Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին համոզված է, որ իր փորձառու ֆուտբոլիստները կկարողանան հաղթահարել Հայաստանի հավաքականի արգելքն այսօր կայանալիք Եվրո-2012-ի Իռլանդիա-Հայաստան վճռորոշ խաղում:
«Մենք պետք է հարգանքով վերաբերվենք հակառակորդին, բայց ամեն դեպքում ես համոզված եմ, որ եթե մեր փորձըն օգտագործենք, կարող ենք դրական արդյունքի հասնել», – Տրապատոնիի երեկվա մամուլի ասուլիսին հնչեցրած խոսքերը փոխանցում է իռլանդական «Ինդիփենդենթը»:
Տրապատոնին հայտարարել է, որ վնասվածքի պատճառով բացակայող թիմի ավագ Ռոբբի Քինին հարձակման գծում փոխարինելու է Սայմոն Քոքսը:
«Միայն արդյունքը ցույց կտա` արդյոք ճիշտ էր կատարվել ընտրությունը: Քոքսը կարող է նահանջել կիսապաշտպաններին օգնելու համար», – ասել է Տրապատոնին` նշելով, որ ևս մեկ հարձակվող` Շեյն Լոնգը, կարող է օգտակար լինել երկրորդ խաղակեսում: