Երեկ երեկոյան Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը տպավորություն չէր թողնում մի մարդու, ով ճնշման տակ է գտնվում` մոտ կանգնած լինելով իր երկրի պատմության ընթացքում Եվրոպայի առաջնության եզրափակիչի առաջին ուղեգրին: Այսպես է բնութագրել Հայաստանի ընտրանու մարզչին իռլանդական «Ինդիփենդենթը»:
Թերթի թղթակիցը նշում է, որ Վարդան Մինասյանն ասուլիսի ընթացքում անգլերենով և հայերենով վստահորեն պատասխանում էր հարցերին, և նշում, որ, եթե իր թիմը չվաստակի Եվրո-2012-ի ուղեգիր, ապա դա ողբերգություն չի լինի:
Մինասյանի խոսքով` երբ ինքը ընդունել է թիմը, իր առջև խնդիր է եղել նոր թիմ ստեղծել:
«Ես 10 նոր ֆուտբոլիստ եմ բերել երիտասարդական հավաքականից: Իմ առաջին խնդիրը լավ ոգով և լավ որակներով թիմ ստեղծելն էր: Եվ Իռլանդիայի հավաքականի հետ խաղից առաջ էլ կասեմ. եթե մենք չհաղթենք, մեզ համար դա ողբերգություն չի լինի: Այս ընտրական փուլում մենք արդեն շատ առաջ ենք ընկել ժամանակցույցից: Մենք սպասելիքներ կունենանք 2014 թվականի Աշխարհի գավաթի ընտրական փուլից», – նշել է Մինասյանը:
Իռլանդացի լրագրողները Հայաստանի հավաքականի մարզչին նաև հարց են ուղղել իրենց ընտրանու առաջատար հարձակվող Ռոբբի Քինի բացակայության մասին:
«Մեզ համար լավ է, որ նա չի խաղալու: Նա իր թիմի համար կարևոր խաղացող է, և խաղում է մեծ ոգով: Իռլանդիայի հավաքականը շատ ուժեղ թիմ է, սակայն մենք հավատում ենք, որ կարող են հաղթել մրցակցին», – ասել է Մինասյանը: