ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը մարած քարտ է: Ըստ պատգամավորի` նա դեռևս երիտասարդ է և իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:
«Բայց մենք գտնում ենք, որ քանի որ մենք Հանրապետական կուսակցությունն ենք, իսկ Ռոբերտ Քոչարյանը մեր կուսակցության անդամ չէ, ուստի Հանրապետական կուսակցությունից ոչ ոք նրան պոդդերժկա չի անի, սատար չի կանգնի, որովհետև մենք ունենք մեր թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը»,- հայտարարել է Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հոկտեմբերի 1-ին իր ելույթում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերին, հայտարարել էր, որ դա շինծու թեմա է, որովհետև որևէ բանական մարդու համար Ռոբերտ Քոչարյանն արդեն մարած քարտ է: