Վրաստանցի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան կարծում է, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը և Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին միանման են գործում:
Այս մասին ռեժիսորը գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում, տեղեկացնում է Грузия Online-ը:
Նրա խոսքով` Ռուսաստանում «Եդինայա Ռոսիա» կա , իսկ Վրաստանում` «Նացիոնալներ» («Միացյալ ազգային շարժում» կուսակցություն), ՌԴ-ում նախագահի աթոռը պահպանելու աննորմալ ցանկություն կա, Վրաստանում միևնույն պատճառով` հիստերիա, արցունքներ, կոտրված մոխրամաններ:
«Հանգստացեք, չէ՞ որ դուք ազգից ամեն ինչ խլել եք, իսկ այժմ Պուտինի պես մեզանից խլում եք նախագահ ընտրելու իրավունքը: Եվ ևս 12 տարի շարունակ մեր երկրում նախագահի կարգավիճակում լինելու է հիվանդ, մոլագար, միջակ կիսադեգեներատ մեկը: Դե պատասխանե´ք ինձ, մի՞թե չարի այս բույլը պետք է ղեկավարի արդեն գրեթե գոյություն չունեցող Վրաստանը», – իր էջում գրում է Ռոբերտ Ստուրուան:
Նշենք, որ ավելի վաղ թատրոնի հայտնի գործիչը հարցազրույցներից մեկում, մատնանշելով Սահակաշվիլիի հայկական ծագումը, բացասական ենթատեքստով կապել էր այդ հանգամանքը նրա ծավալած գործունեության հետ, ինչպես նաև նշել էր, որ Սահակաշվիլին չի սիրում վրաց ազգը, որովհետև հայ է:
Ավելի ուշ նա Վրաստանի մշակույթի նախարարությունը հեռացրել էր նրան Ռուսթավելիի անվան թբիլիսյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից «այլատյացություն պարունակող արտահայտություններ» թույլ տալու համար: