ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման խոստովանել է, որ նախագահ Բարաք Օբաման բացարձակ չի հետաքրքրվում Քարդաշյանների ընտանիքի ռեալիթի շոույով, թեև իրենց երկու դուստրերը` 13-ամյա Մալիան և 10-ամյա Սաշան, ժամանակ առ ժամանակ դիտում են այն:
«Բարաքին այնքան էլ դուր չի գալիս այդ ամենը»,- iVillage.com-ի հետ զրույցում ասել է Միշել Օբաման:
Միաժամանակ ԱՄՆ առաջին տիկինը նշել է, որ դեմ չէ, որ իր դուստրերը դիտեն այդ հաղորդումը, իհարկե, այնքան ժամանակ, քանի դեռ նրանք այդ հաղորդումից ինչ-որ դրական բան են քաղում իրենց համար:
TheHollywoodReporter-ը նշում է, որ Քարդաշյանների ընտանիքի երեք քույրերից (Քիմ, Քլոե, Քորթնի) ամենահայտնին` Քիմը, հարցազրույցներից մեկում ասել է, որ Օբաման առաջին նախագահն է, ում հաջողվել է ընտրություններին մասնակցելու համար բավարար դրդապատճառներ ստեղծել: Միաժամանակ պարբերականը նշում է, որ այս տարի Քարդաշյանը հայտարարել է, որ դժգոհ է նախագահից, քանի որ վերջինիս կառավարությունը շարունակում է չճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
Ուշագրավ է այն փաստը, որ ներկայումս Քիմ Քարդաշյանը Twitter միկրոբլոգում երկրի նախագահ Բարաք Օբամային ընդամենը 200,000 հետևողներով (followers) է զիջում: Միկրոբլոգում Քիմին 10,498,249 օգտատեր է հետևում, իսկ Օբամային`10,647,529: