Home / Հայաստան / Թուրքիային, ամեն դեպքում, օգնություն պետք է. ԱԳՆ-ն հակասում է Էրդողանին

Թուրքիային, ամեն դեպքում, օգնություն պետք է. ԱԳՆ-ն հակասում է Էրդողանին

Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ Թուրքիան չի հրաժարվել այլ երկրների օգնությունից Վանի երկրաշարժի հետևանքով տուժածներին աջակցելու հարցում:

«Մենք չենք վարանի օգնություն ստանալ մեր ընկեր երկրներից: Մենք չենք ժխտել այլ երկրների օգնությունը: Մեզ առաջարկել են օգնել ավելի քան 20 երկրներ, և կան տարբեր մակարդակներ, որտեղ մենք կարող ենք օգնություն ստանալ: Առաջինը` դա փրկարար ջոկատներն են, երկրորդը` Վանում իրականացվող վերականգնման աշխատանքներն են, և այս հարցերում մենք օգնություն կխնդրենք այն երկրներից, որոնք պատրաստակամություն էին հայտնել դա անել», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ կիրակնօրյա երկրաշարժից հետո Թուրքիային առաջարկել էին օգնության ձեռք մեկնել 20 երկրներ, այդ թվում` Հայաստանն ու Իսրայելը, որոնց հետ Թուրքիան լարված հարաբերություններ ունի:

Թուրքիայի ԱԳՆ-ի նամակն առավել քան զարմանալի է, քանի որ երկու օր առաջ թուրքական և միջազգային լրատվամիջոցները տարածել էին երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, համաձայն որոնց Թուրքիան շնորհակալություն էր հայտնում առաջարկված օգնության համար, սակայն հավաստում, որ ինքնուրույն կարող է լուծել խնդիրները: Թուրքիան օգնություն էր ընդունել միայն Ադրբեջանից:

Epress.am-ի թղթակիցը Թուրքիայից հայտնում է, որ թուրքական կողմի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը կարող է կապվածլինել այն փաստի հետ, որ Էրդողանի խոսքերից հետո երկրում լուրջ քննադատություն էր հնչում կառավարության հասցեին, որը հրաժարվել է առաջարկվող մարդասիրական օգնությունից: