Թուրքիայի Վան քաղաքում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո տեղական բանտերից մեկում խռովություն է բռնկվել, քանի որ իշխանությունները հրաժարվել են վախեցած կալանավորներին ավելի ապահով վայր փոխադրել, Agence France-Presse-ին հայտնել են բանտարկյալների հարազատները:
Բանտային համալիրում կրակոցներ են սկսվել այն բանից հետո, երբ կալանավորները այրել են իրենց սավանները` ի նշան բողոքի:
Շուրջ 1000 բանտարկյալների տեղավորող կալանավայրը վնասվել էր շաբաթ օրը տեղի ունեցած 7,2 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով:
Բանտարկյալների հարազատները հավաքվել են կալանավայրի մոտ և վանկարկել «Էրդողանը` դահիճ»: Ցնցումներից հետո մոտ երկու հարյուր կալանավորների հաջողվել է փախչել բատնից: Նրանցից 50-ը հետ են վերադարձել իրենց հարազատներին տեսնելուց հետո: Մնացածի ճակատագրի մասին լուրեր չեն հաղորդվում: