Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքել է լուրերն այն մասին, թե Հայաստանի նախագահը վիրավորված է Վրաստանի նախագահից, ինչով էլ պայմանավորված է Թբիլիսի կատարելիք նրա այցի հետաձգումը:
«Վստահեցնում եմ ձեզ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեի խոսքերն է փոխանցում «Georgiaօնլայնը»-ը:
Նրա խոսքով` Հայաստանի նախագահի այցը չի հետաձգվել, պարզապես օրը հաստատված չի եղել, և այս փուլում աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վիրավորված է վերջերս հայ-վրացական ճանապարհին տեղի ունեցած սողանքների վերաբերյալ Միխեիլ Սահակաշվիլիի հայտարարությունից, որում վերջինս նշել էր տարածքի մաքրման և տուժածներին փրկելու հարցում հայկական փրկարար ծառայությունների դանդաղկոտությունը: