Home / Հայաստան / «Երբ ԱՊՊԱ-ն ունի հզոր պապա»` ըստ օրաթերթի

«Երբ ԱՊՊԱ-ն ունի հզոր պապա»` ըստ օրաթերթի

Այս տարվա հոկտեմբեր ամսվա դրությամբ ապահովագրական ընկերություններին ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման համար քաղաքացիները վճարվել են ավելի քան 13,5 մլրդ դրամ, որից ավտոպատահարների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը կազմել է մոտ 3,5 մլրդ դրամ կամ հավաքագրված գումարների շուրջ 25 տոկոսը, «Երբ ԱՊՊԱ-ն ունի հզոր պապա» հոդվածում գրել է «Երկիր» օրաթերթը:

9 ամիսների ընթացքում բավարարվել է շուրջ 16 հազար դիմում, այսինքն` ամսական կտրվածքով` 2000-ից պակաս:

«Ահա այստեղ պարզվում է, որ սա ամենաապահովագրված բիզնեսն է Հայաստանում`շատ մեծ գերշահույթներով, որի թիկունքում կանգնած են նախկին ու ներկա կարկառուն իշխանավորներ», – գրում է «Երկիրը»:

Հոդվածագիրը նշում է, որ ավտոապահովագրողների բյուրոյի կողմից հաշվարկված սակագնի կառուցվածքում պատահարների դիմաց հատկացումների համար նախատեսվում է հավաքագրված գումարների 75 տոկոսը: Իսկ ահա 25 տոկոսի մեջ մտնում են ապահովագրական ընկերությունների կողմից ակնկալվող շահույթները, ապահովագրավճարներից բյուրո կատարվող մասհանումները, ապահովագրական գործակալներին վճարվող միջնորդավճարները:

«Ստացվում է, որ սակագների հիմքում դրվել են ոչ իրատեսական հաշվարկներ, ինչի արդյունքում էլ գոյանում են գերշահույթներ: Ու ԱՊՊԱ-ի սակագների վերանայման շուրջ ծավալվող խոսակցություններին ի պատասխան, իշխանությունները որոշեցին մի փոքրիկ «խայծ» գցել, թե` տեսեք-տեսեք, դաշտը վերահսկվում է, և այդ շահույթները ուղղորդվելու են: Մոտավորապես մեկ ամիս առաջ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովում հրավիրվեցին լսումներ, որից հետո հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կառավարության քննարկմանը ներկայացրեց օրենքում լրացումներ կատարելու նախագիծ, որի ընդունման դեպքում, ըստ հեղինակի, էապես կմեծանան երաշխավորման ֆոնդի միջոցները, և կապահովվի համակարգի առավել մեծ կայունություն: Այս նպատակով առաջարկվում է Հայաստանի ավտոապահովագրողների  բյուրոյի անդամ ընկերություններին, կնքված ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ընդհանուր ապահովագրավճարների 2011թ. համար նախատեսված մասի 15 տոկոսը 2012թ. առաջին եռամսյակում փոխանցել Երաշխավորման ֆոնդ: Իսկ երաշխավորման ֆոնդ կոչվածը նույն բյուրոյի կազմում ստեղծված ֆոնդ է, որը օրենքով սահմանված քանի բացառիկ դեպքերում, կատարում է վճարումներ, երբ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է, երբ վնասը պատճառվել է ԱՊՊԱ պայմանագիր չունեցող կամ հափշտակված, կամ ապօրինաբար տիրացված  ավտոմեքենայի կողմից: Այսպիսի դեպքեր, թեև հազվադեպ, բայց լինում են: Մինչդեռ ապահովագրավճարների 15 տոկոսը բավական մեծ գումար է: Հազիվ թե այս նախաձեռնությունը ոգևորի ապահովագրական ընկերություններին. բայց հետաքրքիր է, որ այն չի ոգևորել նաև կառավարությանը: Ըստ կառավարության պաշտոնական կայքի` «Կառավարության եզրակացության համաձայն`նախագիծը լրամշակման կարիք ունի և ընդունելի կլինի իր առաջարկությունների հիման վրա լրամշակելուց հետո»», – գրում է թերթը:

«Երկիրը» նաև փորձել է Գագիկ Մինասյանից ճշտել, թե ինչ առաջարկությունների մասին է խոսքը, սակայն վերջինիս դեռևս հայտնի չի եղել, թե ինչ առաջարկությունների մասին է խոսքը: