ԱԺ նախագահի պաշտոնը դեռևս թափուր չէ, և ՀՀԿ-ում հնարավոր թեկնածուների անունները դեռ չեն քննարկվել:
Այս մասին այսօր Ազգային ժողովում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք իրեն են պատրաստվում նշանակել ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո:
«Կարծում եմ` այդ հարցը դեռևս քաղաքական քննարկման առիթ դեռևս կլինի: Այս պահի դրությամբ դեռևս որևէ քննարկում տեղի չի ունեցել», – ասել է Հարությունյանը:
Նա նշել է, որ իր նախասիրությունների մեջ ամենևին էլ չի մտնում ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնելը:
«Այդ պաշտոնով ես ամենևին էլ հետաքրքրված չեմ: Հուսով եմ` ինձ նման առաջարկ չի ներկայացվի», – հայտարարել է պատգամավորը:
ՀՀԿ-ական գործիչը նաև մեկնաբանել է Հովիկ Աբրահամյանի հրաժարականի և նրան ՀՀԿ-ի նախընտրական շտաբի ղեկավար նշանակելու որոշումը:
«Քաղաքականության մեջ անհրաժեշտ է արդեն մոբիլիզացնել ուժերը` հաշվի առնելով այն, որ մեզ բավական թեժ քաղաքական պայքար է սպասում: Այս տեսանկյունից, կարծես, այդ հարցը քննարկվեց կուսակցությունում, և բոլորն էլ ունեցան միասնական դիրքորոշում», – ասել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հրաժարական կտա նոյեմբերի 14-ին` ԱԺ քառօրյայի 1-ին օրը: