Երեկ ԱՄՆ դաշնային դատարանում կայացել են ամերիկյան Medicare բժշկական ապահովագրական ընկերության դեմ մեքենայություններ իրականացնելու մեջ մեղադրվող ազգությամբ հայ Սարգիս Թադևոսյանի գործով դատական լսումները:
Թադևոսյանի մեղսակիցներ` Ռուսաստանի քաղաքացիներ Իգոր Շևչուկն ու Արսեն Բեջանյանը երեկ հայտարարել են, որ հարկադրված են եղել մասնակցել զեղծարարություններին:
22-ամյա Շևչուկը պատմել է դաշնային դատարանին, որ հանցավոր խմբավորման անդամներից մեկը, ով փաստաթղթերում հիշատակվում է «Գարիկ» անվամբ, իրենց բազմիցս սպառնացել է` թույլ չտալով հետ կանգնել սկսած գործից:
«Նա ասաց, որ ինքը մեզ հետ խաղ չի խաղում»,- պատմել է Շևչուկը:
Թադևոսյանի փաստաբանները վիճարկել են ցուցմունքները` նշելով, որ իրականում Թադևոսյանին այս հանցագործության հետ կապող որևէ փաստ չկա` ընդգծելով, որ Թադևոսյանի ստորագրությունը դրված չէ կեղծ բիզնեսի հետ կապված որևէ փաստաթղթում:
Նշենք, որ Թադևոսյանը, Շևչուկը և Բեջանյանը ձերբակալվել են մայիսին:
Քննիչները սկսել են զբաղվել գործով դեռևս ապրիլին, AdvanceMed բժշկական ծառայությունների ընկերության կողմից բողոքներ ստանալուց հետո:
Քննիչները պարզել էին, որ Արևմտյան Վիրջինիա նահանգի Չարլսթոն քաղաքում խմբավորումը 7 գոյություն չունեցող կլինիկաներ է գրանցել և այդ բուժհաստատությունների անունից պարբերաբար ապահովագրական գումարներ ստանալու համար Medicare-ին ուղարկել վճարման ենթակա կեղծ հաշիվներ: Այդ գումարներն ընդհանուր առմամբ 4 միլիոն դոլար են կազմել:
Հիշեցնենք, որ Medicare-ի հետ կապված լայնածավալ մեքենայությունների գործով նախորդ տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ում հայերի մեծ խումբ էր ձերբակալվել` Արմեն Ղազարյանի («Պզո» մականունով) գլխավորությամբ: Խմբի կողմից իրականացված հանցագործությունների գործերով քննությունները դեռևս շարունակվում են: Ղազարյանի հանցավոր խումբը մեղադրվում է տասնյակ միլիոնավոր դոլարների հափշտակման մեջ: