Այսօր երեկոյան հրաժարական է տվել նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը, ով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է:
Ստորև ներկայացնում ենք Միքայել Մինասյանի հարցազրույցը News.am-ին:
Պարոն Մինասյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր անակնկալ հրաժարականը:
Անշուշտ անակնկալ ոչինչ չկա դրանում: Ես գնում եմ օգնելու Հովիկ Աբրահամյանին գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում և կարծում եմ, որ դա է այսօր առաջնահերթություն:
Իսկ ինչո՞ւ է այդքան մեծ ուշադրություն դարձվում այսօր նախընտրական շտաբի ձեւավորմանը` պատճառ դառնալով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների:
Հանրապետության նախագահը տրամադրված է լավագույն ընտրությունների անցկացման: Մենք պատրաստվում ենք ոչ միայն ապահովել նախագահի կուսակցության հաղթանակը գալիք ընտրություններում, այլև նպաստել այնպիսի ընտրությունների անցկացմանը, որից Հայաստանը դուրս կգա ուժեղացած և վստահորեն դեպի ապագա նայող: Իսկ դրա համար այսօր արդեն ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Կարծում եմ, որ այս ընտրությունները որակական հեղափոխություն են լինելու մեր երկրի ու բոլորիս համար:
Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ սրանով կավարտվի պաշտոնաթողությունների այն շղթան, որին մենք ականատես ենք լինում վերջին օրերի ընթացքում:
Նման հարցերի պատասխանը գիտի միայն մեկ մարդ` հանրապետության նախագահը: