Home / Հայաստան / Ոստիկանությունը փոշմանեց. Կառավարության մոտ ակցիան չի խոչընդոտվում

Ոստիկանությունը փոշմանեց. Կառավարության մոտ ակցիան չի խոչընդոտվում

ՀՀ կառավարության նիստի ժամանակ ամեն հինգշաբթի բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին այսօր, ի տարբերություն նախորդ շաբաթվա, թույլ են տալիս մոտենալ կառավարության շենքին: Նախորդ շաբաթ ոստիկանները շրջափակել էին շենքը, և ակցիայի մասնակիցները պաստառներով կանգնել էին Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտ, իսկ այնուհետև շարժվել էին դեպի ոստիկանության կենտրոնական բաժին, ուր տեղափոխել էին ակցիայի մասնակից, իրավապաշտպան Լալա Ասլիկյանին:

ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ Վալերի Օսիպյանը Epress.am-ի թղթակցին հայտնել էր, որ ոստիկաններն այսուհետ թույլ չեն տալու խանգարել Կառավարության նիստի բնականոն ընթացքը և սովորական քաղաքացիների անցուդարձը: Հարցին, թե ոստիկաններն ումից են նման հրահանգ ստացել, Օսիպյանն ասել էր. «Ոստիկանությանը հրահանգ պետք չէ»:

Epress.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված ոստիկանության որոշման փոփոխությունը, Օսիպյանն այսօր հրաժարվել է պատասխանել` առաջարկելով դիմել Ոստիկանության լրատվական ծառայություն:

Հիշեցնենք, որ օրերս պաշտոնանկ է արվել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: ՀՀ ոստիկանապետ է նշանակվել պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: