ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի դաշնային վերաքննիչ դատարանը նոյեմբերի 7-ին սկսել է քննել Կալիֆորնիայում ընդունված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող օրենքի և ԱՄՆ արտաքին քաղաքականության հնարավոր հակասության մասին հարցը, հաղորդում է AP-ն:
Կալիֆորնիա նահանգում ընդունված օրենքից հետո Օսմանյան կայսրության օրոք իրականացված Ցեղասպանության զոհերի ժառանգները դատական կարգով 3 գերմանական ապահովագրական ընկերություններից պահանջել են իրենց նախնիների գումարները:
Երկու տարվա ընթացքում սա երրորդ դեպքն է, երբ ԱՄՆ 9-րդ վերաքննիչ դատարանը բախվում է հարցի քաղաքական կողմին: 2010 թվականին դատարանը փոխել էր 2009 թվականին ի օգուտ ապահովագրական ընկերության կայացրած իր որոշումը և վճիռը կայացրել ի շահ ժառանգների:
Երեկ, ևս մեկ անգամ անդրադառնալով խնդրին, դատարանի գլխավոր դատավորը հայտարարել է որ, դատավորների մեծամասնությունը քվեարկել է գործը վերաքննելու օգտին` քայլ, որը չեղյալ է հայտարարում 2010 թվականի որոշումը:
Ապահովագրական ընկերությունները, մասնավորապես, Մյունխենի «Re AG» գործակալությունը, վիճարկում է Կալիֆորնիայում ընդունված օրենքը և պահանջում, որպեսզի այն վերացվի, քանի որ օրենքը հակասում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը, որը Թուրքիայի օրինակով հրաժարվում է հայերի սպանությունները Ցեղասպանություն անվանել:
Ապահովագրական գործակալությունները վկայակոչում են նախկին նախագահներ Բիլ Քլինտոնի և Ջորջ Բուշի որոշումները, որոնք դեմ էին Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:
Ցեղասպանության զոհերի ժառանգների փաստաբանները համաձայն չեն այս տեսակետի հետ, քանի որ, ըստ նրանց, նախագահների որոշումները պետական քաղաքականություն չեն: Նրանք նշում են, որ ԱՄՆ-ն պաշտոնական դիրքորոշում չունի, ինչը նշանակում է, որ Կալիֆորնիայի օրենքը չի հակասում որևէ ազգային քաղաքականության:
Լուսանկարը` thomasmore.org