Գերմանիայում Facebook սոցիալական ցանցը շարունակում է տեղեկատվական անվտանգության ոլորտում աշխատող մի շարք պաշտոնյաների քննադատության կենտրոնում մնալ: Նրանց հիմնական դժգոհությունը կապված է
Facebook սոցիալական ցանցի` դեմքերի ճանաչման համակարգի հետ: Համբուրգի տեղեկատվության պաշտպանության վարչության ղեկավար Յոհանես Գասապարը կոչ է արել Facebook-ին իր ծառայությունները համապատասխանեցնել եվրոպական և ազգային օրենսդրությանը:
«Պատկերացրեք` դուք նստած եք սրճարանում կամ բարում և ցանկանում եք իմանալ` ինչ մասնագիտական գործունեություն է ծավալում այս կամ այն մարդը: Որտեղ է այդ կինը կամ տղամարդն ապրում: Այնուհետև լուսանկարների միջոցով դուք մտնում եք տվյալների բազա և իմանում եք ամեն ինչ, ինչ հետաքրքրում է ձեզ»,-ասում է Գասապարը:
Facebook-ում նշում են, որ իրենց ծառայությունները համապատասխանում են եվրոպական օրենսդրական չափանիշներին: Ընկերությունում նշում են, որ ճանաչման ֆունկցիան հարմար է և ստեղծված է միայն ընկերներին նկարների վրա նշելու համար: