Home / Հայաստան / Նորվեգիան լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, բայց կողմ է ղարաբաղյան հարցի խաղաղ լուծմանը

Նորվեգիան լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, բայց կողմ է ղարաբաղյան հարցի խաղաղ լուծմանը

Նորվեգիան կողմնակից է, որպեսզի բոլոր տարածաշրջանային հակամարտությունները լուծվեն խաղաղ միջոցներով` դիվանագիտական բանակցությունների և քաղաքական ջանքերի օգնությամբ: Այս մասին այսօր Երևանում հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Շտյորեն` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Նորվեգիան վերաբերվում Ադրբեջանի կողմից պատերազմ հրահրելու քաղաքականությանը:

Նա նշել է, որ իր երկիրն աջակցում է կողմերի ջանքերին լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Մինսկի խմբի շրջանակում, ինչպես նաև կողմ է միջազգային հանրության աջակցությանը:

Շտյորեն ընդգծել է, որ Նորվեգիան լավ դիվանագիտական և տնտեսական հարաբերություններ ունի Ադրեբջանի հետ, քանի որ այդ երկրի նավթային ընկերությունները ներգրավված են Կասպից ծովում գազային ռեսուրսներ արտահանելու գործընթացում:

«Նորվեգիայի կառավարությունն ակնկալում է, որ արտասահմանում աշխատող նորվեգական ընկերությունները պետք է ոչ միայն ենթարկվեն տվյալ երկրի օրենքներին, այլև միջազգային չափանիշներին: Եվ ես կասկած չունեմ, որ նորվեգական ընկերությունները հենց այդպես են աշխատում Ադրբեջանում», – ասել է Նորվեգիայի ԱԳ նախարարը:

Լուսանկար` Jpost.com-ից