Home / Հայաստան / «Ես որ մեքենա ունեի, ինքը սիգարետի փող չուներ». Հայաստանցի գործարարը մեղադրում է վարչապետին

«Ես որ մեքենա ունեի, ինքը սիգարետի փող չուներ». Հայաստանցի գործարարը մեղադրում է վարչապետին

Հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ հայտարարել է, որ եթե իր կողմից բարձրացված հարցերը Հայաստանում արդարացի լուծում չստանան, դիմելու է Եվրոդատարան, որպեսզի կարողանա ետ ստանալ իր բիզնեսում ներդրված 3,5 միլիոն դոլարը:

«168 ժամ» թերթի փոխանցմամբ` գործարարը լուրջ փաստեր և մեղադրանքներ է ներկայացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկա), ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեության դեմ: Նախարար Արմեն Մովսիսյանն անվավեր է ճանաչել գործարար կնոջը պատկանող «Սիփան 1» ընկերության լիցենզիան, արագ աճուրդ են կազմակերպել, աճուրդի հանձնաժողովի նախագահ է նշանակվել Տիգրան Սարգսյանը, հանքը վաճառել են «Սագամար» ընկերությանը, որի բաժնեմասերից մեկը պատկանում էր վարչապետի այն ժամանակվա խորհրդական,  մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին:

«Եվ պարոն վարչապետը, որ աճուրդային հանձնաժողովի նախագահն էր, չմասնակցեց աճուրդին` երևի վախից, որովհետև սոսկալի անօրինականություն էին անում», – «168 ժամ»-ին ասել է Համբարձումյանը` նկատելով, որ ինքն ու Տիգրան Սարգսյանը ուսանողության տարիներին սովորել են զուգահեռ կուրսերում:

Հարցին, թե այդ հանգամանքը ինչ-որ բան չի՞ կարող փոխել ստեղծված իրավիճակում, գործարարը պատասխանել է. «Ո՞նց կարող է ինչ-որ բան փոխել: Էն ժամանակ ես մեքենա ունեի, ինքը երևի սիգարետի փող չուներ»:

Սիլվա Համբարձումյանը նաև նշել է, որ Սյունիքի մարզպետը իրենից գողացել է 102 մլն դրամի սարքավորումներ: Գործարարը դիմել է ոստիկանություն, գողոնը հայտնաբերվել է մարզպետի հանքում, սակայն այն չեն կարողացել վերադարձնել: Ըստ Համբարձումյանի` մանկապիղծ Տեր-Պողոսյանի դեմ քրեական գործ հարուցելուց հետո նրան ստիպել են դուրս գալ «Սագամարից»` փոխարենը նրան տալով Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը: Ընդ որում` Համբարձումյանի խոսքով` դա արվել է այն բանից հետո, երբ Տեր-Պողոսյանի կինը սպառնացել է ամեն բան պատմել լրատվամիջոցներին. «Նրա կինը շատ բան ունի ասելու, 1999թ. մասին շատ բան ունի պատմելու»: Խոսքը, թերևս, 1999թ. «Հոկտեմբերի 27-ի»-ի ոճրագործության մասին է, եզրակացնում է թերթը: