Բաթումում նոյեմբերի 18 և 19-ին կկայանա հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի ընթացքում պաշտոնատար անձինք կքննարկեն երկու երկրների միջև առևտրաշրջանառության զարգացման, ներդրումների ծավալների մեծացման և տուրիզմի հետ կապված խնդիրները, ինչպես նաև հարցերը, որոնք քննարկվել էին Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիայի հայաստանյան այցի ընթացքում, հայտնում է «Նովոստի Գրուզիան»:
Վրաստանի տնտեսական գերատեսչությունում նշել են, որ Հայաստանը Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերներից է: Վրաստանը մեր երկրի հետ դրական առևտրային մնացորդ ունի, քանի որ արտահանումը գերազանցում է ներմուծումը, և այդ միտումը տարեց տարի աճում է: Նախորդ տարի Վրաստանից Հայաստան արտահանվող ապրանքների քանակն ավելացել է 80%-ով: Այս դրական ցուցանիշից էականորեն հետ են մնում Հայաստանից իրականացվող ներդրումների ծավալները: 2003-2011 թթ. ընթացքում ընդամենը 2,4 մլն դոլարի ներդրում է եղել:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Վրաստանի և Հայաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2010 թվականին 205 մլն 926, 4 հազար դոլար է կազմել, որոնցից 159 մլն 709,1 հազարը արտահանումն է կազմել, իսկ 46 մլն 217,4 հազարը` ներմուծումը: