Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի մզկիթի երկրորդ իմամ, ազգությամբ հայ 29-ամյա Արթուր Մանուկյանին սպանված են գտել իր տան մուտքում: Իմամի մարմինը` կրծքավանդակի և գլխի հատվածներում առկա 4 հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է նոյեմբերի 9-ին: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «սպանություն» հոդվածով:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ` Հետաքննչական վարչությունը երկու վարկած է դիտարկում` սպանություն ազգամիջյան հողի վրա և պատվիրված սպանություն:
Արթուրը մզկիթի երկրորդ իմամ էր նշանակվել 2010 թվականին: Կրոնական կրթություն ստացել է Բուխարայում`Մեդրես Ուլուգբեկա կրոնական համալիրում: Հայրը ծագումով հայ է, մայրը` թաթար: Իմամը ամուսնացած էր և 5-ամյա դուստր ուներ:
Նշենք, որ վերջին 2 ամիսների ընթացքում կենտրոնական Ռուսաստանում սա կրոնական գործչի երրորդ նմանատիպ սպանությունն է: Սեպտեմբերի 18-ի գիշերը կրկին իր տան մուտքում սպանվել էր Յարոսլավլի կենտրոնական մզկիթի մահմեդական համայնքի խորհրդի անդամ Աբակար Կադի Մագոմեդովը: Իսկ սեպտեմբերի 24-ին Իվանովսկի մզկիթում իմամի լիազորություններն իրականացնող Ֆուադ Ռուստամխոջաևը գնդակահարվել էր տուն վերադառնալու ճանապարհին` կրկին շենքի մուտքի մոտ: