Այսօր Թուրքիայի Վան քաղաքի «Բայրամ» հյուրանոցի մոտ դաժան բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև, հաղորդում է Dogan գործակալությունը:
Առավոտյան մի խումբ ցուցարարներ հավաքվել են այսօր գիշեր երկրաշարժի հետևանքով փլուզված «Բայրամ» հյուրանոցի մոտ` բողոքելու փոխվարչապետ Բեշիր Աթալայի և Վանի քաղաքային վարչակազմի ղեկավար Մունիր Քարալօղլուի դեմ, որոնք վերջերս տարածաշրջանում գրանցված ավերիչ երկրաշարժից հետո ոչ մի կանխարգելիչ միջոցառում չեն ձեռնարկել` հետագա վնասներից խուսափելու համար:
Ցուցարարները սկսել են քարեր նետել ուժայինների ուղղությամբ`միաժամանակ կարգախոսներ վանկարկելով և պահանջելով քաղաքապետից հրաժարական տալ: Ոստիկանական ուժերը պատասխանել են արցունքաբեր գազով` արդյունքում ցույցը վերածելով բախման: Նրանք մահակներով դաժան ծեծի են ենթարկել ցուցարարներից մի քանիսին:
Նշենք, որ «Բայրամ» հյուրանոցը փլուզվել էր երեկ գիշերը, երբ Վանում կրկին 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ`8 մարդու կյանք խլելով: Նոր երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերը բնակիչների վրդովմունքն են առաջացրել, որոնք գտնում են, որ դա իշխանությունների անգործության հետևանք էր: