Մոտ մեկ ժամ առաջ՝ Երևանի ժամանակով 23:25-ի սահմաններում, Թուրքիայի Վան քաղաքի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վանից 10 կմ դեպի հարավ՝ Էդրեմիտ բնակավայրի մոտ, հիպոկենտրոնը՝ 4,8 կմ խորության վրա:
Նախնական տեղեկությունների համաձայն, կան ավերածություններ և վիրավորներ, զոհերի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Փլված շինություններից մեկը դպրոցի շենք է, մյուսը՝ հյուրանոց, որտեղ լրագրողներ էին բնակվում:
Երկրաշարժը զգացել են նաև Հայաստանի արևմտյան՝ Թուրքիայի սահմանին մոտ գտնվող շրջաններում:
Հիշեցնենք, որ մոտ 22 ժամ առաջ Վանի շրջակայքում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել:
Հոկտեմբերի 23-ին գրանցված 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով Վանը և շրջակա քաղաքներն ու գյուղերը ավերվել էին, հարյուրավոր մարդիկ զոհվել, 2000-ից ավելի մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ: