Բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները հասկանալի կլինեն, եթե դրանց հետևեն արտահերթ ընտրությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Նա կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանի մտքում նման գաղափար կա:
Սակայն ինքը` Կարապետյանը, կողմ կլինի արտահերթ ընտրություններին միայն այն դեպքում, եթե դրանք անցնեն ազատ, արդար և թափանցիկ:
«Բայց եթե անցնեն նույն ձևով և Սերժ Սարգսյանը, կրկնօրինակելով Սահակաշվիլու տարբերակը, դարձյալ դառնա նախագահ, ընտրվելով կամ չընտրվելով, ես դրան դեմ եմ», – ասել է քաղաքական գործիչը:
Այս համատեքստում նա նշել է, որ ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ ընտրություններ, բայց եթե ընտրություններն անցնելու են նույն ձևով, ապա Հայ Ազգային Կոնգրեսի պահանջը Կարապետյանի համար անհասկանալի է:
Նա վերջին շրջանի աղմկոտ պաշտոնանկությունների շարքում մի քանի զարմանալի բան է նկատել: Բանախոսի խոսքով` ինքը չի կարողանում հասկանալ, թե ինչու աշխատանքից ազատեցին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, եթե նրա աշխատանքից գոհ են:
«Այսինքն` շտաբ չկա, շտաբի պետ կա, շտաբ չկա, շտաբի պետի տեղակալ կա:
Մեր մոտ տրամաբանությունից դուրս գործընթացներ են: Ինչո՞ւ են այդ պաշտոնանկությունները, ինչի՞ հետ են կապված դրանք: Հովիկ Աբրահամյանը գիշերը քնեց, առավոտյան հելավ, ասեց` էլ չեմ ուզում լինել ԱԺ նախագահ: Երկրի երկրորդ պաշտոնը ավելի քի՞չ կարևոր էր, քան շտաբի պետի պաշտոնը», – ասել է Կարապետյանը: